rus    engl

2011թ. դեկտեմբերի 9-11 Թբիլիսիում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորների ծնողների միջազգային հանդիպումը: Այն կազմակերպել էր Հայաստանի հանրապետական “Զինվորի Մայր” հասարակական կազմակերպությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ադրբեջանական կողմից մասնակցում էր “Էլ-ցենտր” կազմակերպությունը:
Հանդիպմանը մասնակցում էին երկու երկրների զինվորների մայրեր եւ հայրեր, քննարկելու համար տարածաշրջանում երկկողմանի հանդուրժողականության մթնոլորտը:
Մինչ հանդիպումը ծնողներն իրենց երկրներում մասնակցել էին դասընթացների, որոնց ընթացքում ձեռք էին բերել հանդուրժողականության եւ երկկողմանի հարաբերությունների գիտելիքներ եւ հմտություններ:
Թբիլիսիում հանդիպում-թրենինգը կայացավ “Սիմպատիա” հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում: Այն վարեցին
փորձագետ Անահիտ Հովնանյանը եւ դասընթացավար Արշավիր Ղուկասյանը: Թրենինգի ընթացքում կիրառվեցին թեմատիկ խաղեր, ցուցադրվեցին հանդուրժողականության մասին տեսանյութեր:
Դեկտեմբերի 11-ին ստորագրվեց երկկողմանի Հուշագիր` տարածաշրջանում հանդուրժողականության սկզբունքների մասին:

 
 
 

2011թ. նոյեմբերի 22-ին կազմակերպության ընդհանուր ժողովի ժամանակ կայացան Հայաստանի հանրապետական "Զինվորի մայր" ՀԿ նախագահի արտահերթ ընտրությունները: Նոր նախագահ միաձայն ընտրվեց նախագահության անդամ, ծրագրերի համակարգող Անահիտ Հովնանյանը: Ամփոփվեցին անցած տարվա նախնական արդյունքները և նշմարվեցին եկող տարվա ծրագրերը:
2011թ. իրականացվել են զինակոչիկների և զինծառայողների իրավունքները պաշտպանող, ինչպես նաև բանակում քաղաքացիական հսկողությունն իրականացնելուն ուղղված 3 խոշոր ծրագրեր: Մոտ ժամանակի ծրագրերն իրականացնելու աշխատանքներում կընդգրկվեն երիտասարդ կամավորները, որոնցով մշտապես համալրվում է կազմակերպությունը:

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրագործվող "Մայրերի հանդիպումներ" ծրագրի շրջանակներում 2011 թվականի նոյեմբերի 16-ին "Զինվորի մայր" կազմակերպության գրասենյակում կայացավ սեմինար` ՀՀ զինվորական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ: Դասախոսությունը վարեց ՀՀ ՊՆ Իրավաբանական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Սասուն Սիմոնյանը:

 

2011 թվականի հոկտեմբերի 17-ին, Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, "Զինվորի մայր" կազմակերպության գրասենյակում կայացավ առաջին դասախոսությունը` հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ, որին մասնակցեցին ազգային բանակում ծառայող զինվորների մայրեր` Երևանի 4 համայնքներից:

 

2011 թվականի նոյեմբերի 10-ին, "Զինվորի մայր" կազմակերպության գրասենյակում կայացավ երկրորդ դասախոսությունը` հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ, որին մասնակցեցին ազգային բանակում ծառայող զինվորների մայրեր` Երևանի տարբեր համայնքներից: Դասախոսությունը կազմակերպվել էր Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ:

 

ՀԱՐԳԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ.
2011թ. մայիսի 11-ից վերսկսել է իր աշխատանքները ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր Զորակոչային հանձնաժողովը: Հանձնաժողովը քննության է առնելու զորակոչի գործընթացի հետ առնչվող բոլոր դիմում-բողոքները: Դիմումները պետք է ներկայացնել հանձնաժողովի հերթական նիստից առաջ:
Հասցեն` Երեւան, Մոսկովյան, 9, 3-րդ հարկ: Հեռ. 52-34-82


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ.
Ս.թ.ապրիլի 28-ին Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում կազմակերպվել էր "Սպայի արժեքային համակարգի ձեւավորման եւ կայացման հիմնահարցերը" խորագրով Կլոր սեղանը, որը նախաձեռնել էր "Զինվորի մայր" կազմակերպությունը` Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիուտի եւ ՀՀ ՊՆ ՏԵՀՀԿ վարչության հետ համատեղ:

Կլոր սեղանի թեմաներն էին. "Սպայի կայացման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների համատեքստում" եւ "Բանակը եւ հասարակությունը. արդի խնդիրներ": Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին 48 մարդ, ներկա էին միջազգային կառույցների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ` Կարել Հոֆստրան ողջունեց կլոր սեղանի կազմակերպման նախաձեռնությունը եւ համարեց այն շատ արդիական: Մասնավորապես, նա նշեց, որ "ԶՈՒ սպայական կազմի արժեհամակարգի ձեւավորման եւ կայացման հիմնախնդիրները" կլոր սեղանի քննարկման թեման արդիական է շատ երկրների, այդ թվում` Հայաստանի համար: Այս խնդիրը ԵԱՀԿ-ն դիտարկում է "Անվտանգության ռազմաքաղաքական հարցերի մասին վարքագծային կանոնագրքի" եւ դրանից բխող "Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության" մասին սկզբունքների շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների համատեքստում:

Ելույթ ունեցան հիմնական զեկուցողներ` ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ` գնդապետ Մ. Շիրինյանը (համազեկուցող` ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ` գնդապետ Ա.Ալեքսանյանը) եւ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գ.Պողոսյանը (համազեկուցող` ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ` Գ.Հարությունյանը):

Գնդապետ Ա.Շիրինյանը խոսեց սոցիալական եւ կրթական ոլորտում առկա խնդիրների եւ նրանց լուծումների մասին: Նշեց, որ օրենսդրական դաշտը փոփոխվում է եւ դառնում նպաստավոր սպայական կազմի խնդիրների փուլային լուծումների համար:

Գնդապետ Ա.Ալեքսանյանի ելույթում նախանշված էին ՊՆ աշխատանքների արդյունքում տեղի ունեցող բարեփոխումները` ուղղված սպայի ծառայության, կենցաղի, կարգավիճակի, վարկանիշի եւ սպայական հեղինակության բարձրացմանը բանակում եւ հասարակության մեջ:

Սոցիոլոգ Գ.Պողոսյանն իր ելույթում նշեց, որ վերջերս հասարակության շրջանում կատարված անկախ հետազոտույան արդյունքները ցույց են տվել, որ ՀՀ պետական կառույցների շարքում բանակը ունի ամենաբարձր վարկանիշը:

Հասարակական խորհրդի նախագահ Գ.Հարությունյանի ելույթում հնչեց այն տեսակետը, որ սպան պետք է լինի իրազեկված, պետք է գրագետ ձեւով պաշտպանի իր իրավունքները: Հոգեբան Կ.Վարդանյանը խոսեց այն մասին, որ ուսումնասիրել է բանակում ինքնասպանությունների դեպքերը եւ վստահ է, որ այն զորամասում, որտեղ կա զբաղվածություն, այնտեղ նման դեպքերը բացակայում են: Նրա կարծիքով սպան իր խմբի լիդերն է, եւ նրանից էկախված իրադրությունը զորամասում: Քննարկումների ժամանակ ելույթներ ունեցան գրեթե բոլոր ներկաները:

Քննարկումներն անկեղծ էին, խոսեցին հասարակության եւ բանակի ուղղակի կապի եւ ներազդեցության մասին: Քննարկումների ժամանակ կարեւորվեցին բանակում կրթական մակարդակի, մարդկային արժեքների դերի բարձրացման, սպայի կենցաղի եւ ժամանցի կազմակերպման խնդիրները, ընդգծվեց սպայի վարկանիշի բարձրացմանն ուղղված միջոցառումների կարեւորության դերը եւ նշվեց հասարակական կառույցների վերահսկման գործընթացի դրական զարգացման միտումը:

Քննարկման արդյունքում Կլոր սեղանի մասնակիցների կողմից նշեցին մի քանի առաջարկություներ.

Զինծառայողների պատասխանատվության, ռազմա-հայրենասիրական դաստիարակության եւ բանակի նկատմամբ հարգանքի մթնոլորտը պետք է ստեղծվի դեռեւս նախազորակոչային տարիքում` դպրոցում, ընտանիքում, բուհում.
Սպաների եւ նրանց ընտանիքների արժանապատիվ հանգիստն ու բովանդակալից ժամանցը կազմակերպելու գործում մեծ դեր է խաղում հատուկ մշակութային օջախի լիարժեք գործունեությունը: Այդ գործառույթը կարող է իրականացնել Սպայի տունը, որի համար պետք է հատկացվի համապատասխան տարածք` իր բոլոր հարմարություններով, ներառյալ հաշմանդամների խնդիրները:
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավարտական հանդեսը նպատակահարմար կլինի կազմակերպել ավելի մասսայական ձեւով` ներգրավելով հասարակության լայն խավերին, նախազորակոչիկներին, բանակից զորացրված երիտասարդներին:
Բոլոնյան գործընթացի համաձայն հանրապետությում գործող բուհերի դասաժամերի որոշ մասը կազմակերպել Ռազմական ինստիտուտում` մատուցելով երիտասարդներին ռազմական գիտելիքներ եւ գործնական հմտություններ.
Առավել ուշադրություն դարձնել մամուլում հրապարակվող նյութերի մասնագիտական մեկնաբանմանը: ԶԼՄ-ների ներկայացուցիչների գիտելիքները ռազմական ոլորտում բարձրացնելու համար եւ տեղեկատվությունն առավել օբյեկտի դաշտ բերելու նպատակով կազմակերպել դասընթացներ լրագրողների հետ` մատուցելով գիտելիքներ ռազմական, զինվորական օրենսդրության վերաբերյալ.
Ստեղծել հանրագիտարանային տեղեկատու` հայկական բանակի սպաների կենսագրական եւ մասնագիտական գործունեության վերաբերյալ տեղեկություններով.
Հանրային հեռուստատեսության ծրագրերում առաջարկել ընդգրկել ֆիլմեր եւ հաղորդումներ, որտեղ կարտացոլվի իրական բանակային կյանքը եւ սպային հուզող հարցերը` ի տարբերություն "Բանակում" ֆիլմի, որն ավելի շատ նպաստում է սպայի շուրջ զավեշտալի եւ անլուրջ մթնոլորտի ստեղծմանը, քան բանակի վարկանիշի բարձրացմանը.
Սպայի նյութական ապահովվածության գործոնը շատ կարեւոր է նրա վարկանիշի բարձրացման հարցում: Շատ քաղաքացիական միջին պաշտոններ զբաղեցնողներ ավելի բարձր են վարձատրվում, քան,օրինակ, մարտական օդաչուն: Այս հարցը իրական լուծումներ է պահանջում:



ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ.
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն օրերս զինվորական օրենսդրության մեջ ընդունել է որոշ փոփոխություններ եւ լրացումներ: Մասնավորապես` "Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին" ՀՀ Օրենքից արդեն կարող են օգտվել բոլոր այն անձինք, ում 27 տարին լրացել է մինչեւ 2010 թվականի նոյեմբերի 1-ը:


Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ.
ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբը տեղափոխվել է ՀՀ ՊՆ նոր շենք` Երեւան, Ավան, Բագրեւանդի 5 հասցեով: Այնտեղ կարելի է գնալ 5, 55 եւ 61 համարներով երթուղային ավտոբուսներով: Կենտրոնական զինկոմիսարիատը, որը նախկինում գտնվել էր Մոսկովյան փողոցում, տեղափոխվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի շենք` Բաբայան փողոց, Հաղթանակի այգու վերջում: Այնտեղ կարելի է գնալ 10, 19, 43, 45, 95 եւ 98 համարների երթուղային ավտուբուսներով:


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՆ.
Հայաստանի "Զինվորի մայր" հասարակական կազմակերպությունը "Եվրասիա" հիմնադրամի աջակցությամբ` USAID կազմակերպության միջոցներով, իրականացնում է է "Քաղաքացիական հասարակությունը եւ միգրացիան" ծրագրի իրագործումը, որի նպատակն է արտերկրում գտնվող, ինչպես նաեւ ԱՊՀ եւ արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող միգրանտների համար իրավական եւ տեղեկատվական աջակցության կազմակերպումը, ներառելով զորակոչային տարիքի քաղաքացիներին եւ նրանց ընտանիքներին:
Հայաստանի Հանրապետության Օրենքը Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած
քաղաքացիների մասին (pdf)

Միգրացիոն հիմնախնդրի ակտիվացումը Հայաստանում նկատելի աճել է վերջին երկու տասնամյակներում: Այս ժամանակահատվածում կարելի է խոսել առնվազն երեք խոշոր միգրացիոն արտահոսքերի մասին, որոնցից երկուսը` 1988-1991թթ. եւ 1992-1995թթ., կապված էին նաեւ ազգային բանակի զորակոչի հետ: Մեկնում էին ընտանիքներով, տանելով իրենց հետ անչափահաս տղաներին: Այսօր այդ տղաները խնդիրներ են ունենում, երբ ուզում են վերադառնալ Հայաստան: Բնակության երկրում նրանք ապրում են առանց անձը հաստատող փաստաթղթերի, հետեւաբար` զրկված են քաղաքացիական իրավունքներից:

Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը խորհրդատվություն եւ գործնական օգնություն է առաջարկում բոլոր այն քաղաքացիներին, որոնք այժմ բնակվում են ԱՊՀ-ում կամ արտերկրում եւ ուզում են վերադառնալ Հայրենիք, սակայն ունեն խնդիրներ հետեւյալ ոլորտներում.
1. Չունեն ՀՀ քաղաքացիություն եւ անձնագիր,
2. Չունեն զինվորական գրքույկ,
3. Զինծառայությունից խուսափելու համար գտնվում է որոնման մեջ,
4. Ստացել են ՌԴ կամ այլ երկրի քաղաքացիություն կամ բնակության իրավունք, սակայն Հայաստանում նրանց դեմ քրեական գործ է հարուցված, ինչի հետեւանքով նրանք պատասխանատվություն ունեն օրենքի առաջ,
5. Խուսափել է ծառայությունից, այժմ 27 տարին լրացել է, ուզում է օրինական կարգով վերադառնալ Հայրենիք,
6. Ուզում է դուրս գալ Հայայստանից, չգիտի, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ժամանման երկրում եւ այլ:

Կազմակերպությունը երաշխավորում է դիմողի ինքնության գաղտնիությունը, իսկ Հայաստան վերդառնալիս` նրա անվտանգությունը:


"ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ" ՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.
Վերջին 5 տարիների ընթացքում "Զինվորի մայր" կազմակերպություն են դիմում ՀՀ քաղաքացիներ, որոնք խնդրում են իրենց ԱՄՆ մեկնած բարեկամների համար տեղեկանք տալ այն մասին, որ նրանք Հայաստանից մեկնելուց առաջ եղել են կազմակերպության անդամ կամ կամավորական: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կազմակերպության անդամները հիվանդանոցներում եւ հոսպիտալներում խնամել են վիրավորներին: Համաձայն ԱՄՆ օրենքների, այն անձինք, որոնք խնամք են տանում վիրավորների համար, օգտվում են որոշ առավելություններից: "Զինվորի մայր" հասարակական կազմակերպությունը դիմում է բոլոր Հայաստանի քաղաքացիներին, արտերկրում բնակվող բոլոր հայրենակիցներին, հայտարարելով այն մասին, որ նման տեղեկանքներ (իրականությանը չհամապատասխանող) չի տրամադրում, քանի որ կազմակերպության բոլոր անդամները` ներառյալ կամավորները, որոնք խնամել են վիրավորներին, չեն լքել երկիրը եւ ներկայումս բնակվում են Հայաստանում:

 
 

© 2005-2011 "Soldier's Mother" NGO. All Rights Reserved.